68 տարի առաջ այս օրը Երևանի սրտում բացվեց ամենայն Հայոց բանաստեղծի թանգարանը

68 տարի առաջ այս օրը Երևանում բացվեց Հովհաննես Թումանյանի անվան թանգարանը և նվիրվեց ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանը գտնվում մայրաքաղաքի սրտում՝ բարձունքի վրա։ Այնտեղ մտնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է։ Թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն էր՝ Աշխեն Թումանյանը։

Թանգարանում պահվում են ամենայն Հայոց բանաստեղծի ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթեր, ինչպես նաև՝ բանաստեղծի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Թանգարանում պահվում են բանաստեղծի կյանքի և ստեղծագործությունների մասին վկայող, ավելի քան 18.000 ցուցանմուշներ։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն` ավելի քան 45 լեզուներով: Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։

Չորս սրահներով է անցնում «Մեծ Հայի» կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։ Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։ Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում են բանաստեղծի անձնական բացառիկ իրերը։ Այսօր էլ մեծ բանաստեղծի անունը կրող թանգարանը մշակութային ակտիվ գործունեություն է իրականացնում՝ իր հյուրընկալ հարկի տակ ընդունելով ինչպես մանուկ ու դպրոցահասակ երեխաների, այնպես նաև՝ ամենայն Հայոց բանաստեղծի կյանքով հետաքրքրված լայն շրջանակների, այդ թվում նաև՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն