Ադրբեջանական կողմը վերադարձրել է Ճարտարի բնակչի դին. հայտնաբերվել են մահացու գնդակային վնասվածքներ

Ադրբեջանական կողմն այսօր, Մարտունու շրջանի Կարմիր շուկա — Շեխեր համայնքների խաչմերուկում, Արցախին է վերադարձրել  Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին` հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են գնդակային մահացու վնասվածքներ:

Բնակչի մարմինն արդեն հանձնվել է հարազատներին:

Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի  մի խումբ զինծառայողներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված, անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրքեր, որտեղ ազգային ատելության շարժառիթով ինքնաձիգից կրակոցներ արձակելով դիտավորությամբ ապօրինաբար Ս. Սարգսյանին կյանքից զրկել են:

Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում  ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով, ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն