Ադրբեջանը վերացնում է Թուրքիայի մրցակիցներին ռուսական շուկայում ՝ թույլ չտալով, որ իրանական բեռնատարները հատեն սահմանը

Իսլամական հեղափոխության պահապաններ կազմակերպության առընթեր՝իրանական տեղեկատվական «Ֆարս» գործակալությունը գրում է, որ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում` Ռուսաստան ապրանքներ արտահանող իրանական բեռնափոխադրողների համար:

Կայքում հրապարակված հոդվածի համաձայն ՝ իրանական տարվա երկրորդ կեսից (2020 մարտ — 2021 մարտ)՝ հատկապես Արցախյան պատերազմից հետո, տարատեսակ պատրվակներով խոչընդոտներ են ստեղծվել իրանական բեռնատարների տարանցման համար: Ադրբեջանական կողմը թույլ է տվել անցնել 30 բեռնատար ՝ օրական 250-ի փոխարեն, որի հետևանքով բեռնատարները 8-10 օր մնացել են ստուգիչ — անցագրային կետերում։ Քանի որ Իրանը հիմնականում գյուղմթերք է արտահանում Ռուսաստան, այդ ժամանակահատվածում մթերքները փչանում են։

Հոդվածում ընդգծվում է, թե քանի որ Թուրքիան Ռուսաստանի շուկայում լուրջ մրցակից է Իրանին, ապա, ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում է իրանական բեռնատարների համար՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջան մուտք գործելու համար մաքսատուրքը նույնպես խնդիր է իրանական բեռնատարների համար, և այդպիսի մաքսատուրք չի գանձվում ռուսական բեռնատարներից:

Նշենք, որ անցյալ տարվանից իրանական մամուլն անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանի հետ Աստարայի սահմանին գտնվող բեռնատարների հերթերի մասին: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը խնդիրը արհեստականորեն է ստեղծել։ Հարցը քննարկվել է 2021 թ. հունվարին կայացած Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում: Որոշում է ընդունվել, որ ադրբեջանական կողմը թույլ կտա ավելի շատ բեռնատարներ անցնել: Սակայն որոշումն ընդունելուց հետո մամուլը կրկին հրապարակել է իրանական բեռնատարների հերթի կադրեր:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն