Աղմկահարույց թվեր, լեզվի իմացության ցածր մակարդակ. նախարարության չկատարած խոստումների հետքերով. Ժողովուրդ

Օրեր առաջ կայծակի պես պայթեց այն լուրը  թե` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, այսինքն՝ չի հավաքել նվազագույն 8 միավորը: Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում տարածեց, որ խոսքը քննության երկրորդ փուլի մասին է, որին մասնակցել է 98 դիմորդ, և դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46,9 տոկոսը: Այս մասին հայտնում է «Ժողովուրդը»։

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում մտահոգություններ հայտնեց լեզվի ցածր մակարդակի հետ կապված: Գրականագետի խոսքով՝ խնդիրը նաև այն է, որ  թեստային համակարգի գաղափարը վաղուց սպառել է իրեն:

Գևորգ Էմին Տերյանը շատ կարևորեց պետության շահագրգռվածությունն այս հարցում, որը տվյալ պարագայում գրեթե բացակայում է և, ըստ մեր զրուցակցի, պետությունը չի կատարում իր առջև դրված պարտականությունները և կանոնակարգում չի մտցնում հայերենի ոլորտում:

Իսկ ահա Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝  քննության արդյունքների շուրջ քննարկումը սխալ ուղղությամբ է գնում և չափազանցված է ու մի կարևոր բան կա, որը բաց է թողնված: «2019 թվականին նախարարությունը նշել էր, որ 2021 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության միջին թվանշանը կդառնա 15 միավոր, և ֆիքսել է, որ 2018 թվականին այդ ցուցանիշը քսան հնարավոր միավորից եղել է 12,2 միավոր: Ի՞նչ ունենք հիմա այս առումով: Տեսնում ենք, որ 12,2 միավորը չի դարձել տասնհինգ միավոր, անգամ չի էլ մոտեցել: Ընդամենը դարձել է 12,6 միավոր»:

Ինչ է արել նախարարությունն այս  տարիների ընթացքում և ինչու չի կարողացել հասնել նախանշված շեմին` փորձել ենք պարզել պատասխանատուներից: «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ լեզվի ուսուցումն ունի առանձնահատկություններ, որոնք իրենք չկարողացան պահպանել հենց համավարակով պայմանավորված՝ նկատելով նաև, որ բացթողումներ շատ եղան, իսկ գործնական պարապունքներն էլ հեռավար ուսուցման պայմաններում բավականին անարդյունավետ էին ստացվում։ Իսկ մինչ համավարակի սկսվելու ժամանակահատվածը, մեր զրուցակցի խոսքով,  քիչ էր, որպեսզի կարողանային արդյունքների հասնել՝ զբաղված են եղել հիմնականում նախապատրաստական աշխատանքներով:

Արտաշես Թորոսյանը, սակայն վստահ է, որ այս նոր չափորոշիչներն  իրենց արդյունքը կտան և հաջորդ քննությունների ժամանակ տեսանելի կլինեն:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն