Վերջերս Ղազախստանի Սոցիալիստական շարժումը, Վրաստանի Միասնական կոմունիստական կուսակցությունը, Լատվիայի Սոցիալիստական կուսակցությունը և Պակիստանի կոմունիստական կուսակցությունը նախաձեռնել են համատեղ ստորագրահավաք՝ կենսաբանական զենքի արտադրության, տարածման և ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական լաբորատորիաների փակման նպատակով։
Ի թիվս այլ երկրների` Ամերիկյան տրոյական ձին հայտնվել է նաև Ղազախստանում։
Ակնհայտ է, որ նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ նախկին խորհրդային երկրներում ավելի քան տասնյակ բիոլաբորատորիաներ արդեն գործում են։ Նրանցից մեկը Ղազախստանի կենտրոնական ռեֆերենս- լաբորատորիան է, որը մի քանի տարի առաջ կառուցվել է Ալմա Աթիում` ամերիկյան գումարներով:
Ղազախստանի հանրույթի համար հայտարարվել էր, թե նախագծի նպատակը տեխնոլոգիական և մեթոդաբանական հնարավորությունների զարգացումն է՝ Ղազախստանի տարածքում հատուկ վտանգավոր հիվանդությունների վերահսկողության, հետազոտությունների անցկացման և համավարակների կանխարգելման համար։ Ինչ վերաբերում է գերգաղտնի այս օբյեկտի իրական նշանակությանը, ապա տարեցտարի այստեղ ավելի շատ հարցեր են առաջ գալիս։ Եվ դրանք բոլորը դեռևս մնում են անպատասխան։
Մի քանի տարի առաջ Ղազախստանի որոշ ԶԼՄ-ներ փորձեցին բարձրացնել այս հարցը։ Եվ մեր ունեցած տվյալների համաձայն՝ ամերիկյան դեսպանությունից «անհանգստության նոտայով» սկսեցին զանգահարել ուղիղ խմբագրություններ։ Իսկ անցյալ տարի, կորոնավիրուսային համավարակի ակտիվ շրջանում, Ղազախստանում բարձր մահացության և խիստ կարանտինի պայմաններում, տեղի հայտնի թերթերից մեկն իր ընթերցողներին հիշեցրել է, որ, ըստ պաշտոնական հայտարարության, Ալմա Աթիում տեղակայված ամերիկյան Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիաները նախատեսված են վտանգավոր ինֆեկցիաների տարածումը կանխարգելելու համար։ Թերթը հարց էր բարձրացրել,-«Եվ որտե՞ղ է այդ պայքարը»։
Հոդվածի հրապարակումից հետո թերթի գլխավոր խմբագրին զանգահարում են Ղազախստանի նախագահի աշխատակազմից՝ թախանձագին խնդրելով, որ այդ հարցն այդուհետ չբարձրացվի։ Այնուհետև երկրի բոլոր ԶԼՄ-ներում հրապարակվեց Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարությունը հետևյալ բովանդակությամբ․
«Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ղազախստանում կենսաբանական զենք չի մշակվում, այլ պետությունների դեմ հետազոտություններ չեն իրականացվում: Ցանկացած աշխատանք, որն իրականացվում է ամերիկյան Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիայում՝ վերահսկվում է Ղազախստանի Հանրապետության առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության նախարարությունների կողմից: Հաստատության գործունեությունը կենտրոնացած է Ղազախստանի կենսաբանական անվտանգության ապահովման, ինչպես նաև հիմնարար և կիրառական-գիտական հետազոտությունների անցկացման ուղղությամբ»։
Հասկանալի է, որ այս հայտարարությունը պատասխանն էր բոլոր այն հարցերին, որոնց քանակը կտրուկ աճեց, երբ ի հայտ եկան Covid-19-ի ծագման շուրջ տարբեր մեկնաբանություններ: Հասկանալի է նաև, որ ոչ մի հարց դատարկ տեղում չի առաջանում: Այս պատմության մեջ ամենաուշագրավ կետն այն է, որ լաբորատորիան կառուցվել է ամերիկյան գումարներով, և որ այնտեղ աշխատում են ամերիկացի մասնագետներ: