ԱՄՆ պատժամիջոցներում ներառվել են նաև Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա որդին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները շարունակում են սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Սպիտակ տան պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է երկարաձգել Բելառուսի դեմ պատժամիջոցները: Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ուղղված ԱՄՆ նախագահի նամակում նշվում է, որ Բելառուսի ժողովրդավարական գործընթացները կամ հաստատությունների աշխատանքը խոչընդոտող բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունիսի 16-ից հետո:

«Բելառուսի կառավարության որոշ անդամների գործողությունները և քաղաքական նախաձեռնությունները, որոնք միտված են Բելառուսում ժողովրդավարական գործընթացների կամ հաստատությունների խարխլմանը, քաղաքական բռնաճնշումների հետ կապված՝ մարդու իրավունքների խախտումներին և կոռուպցիայի մեջ ներգրավվածությանը, արտակարգ և ծայրահեղ վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»,- ասվում է նախագահի նամակում։

2006 թ.-ին գրանցվել էր Լուկաշենկոյի հաղթանակը։ Սակայն ընտրություններն անցել են միջազգային չափանիշների խախտմամբ, հետևաբար՝ սահմանվել են ֆինանսական և այլ պատժամիջոցներ՝ ինը պետական ընկերությունների և 16 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Պատժամիջոցներում ներառվել են նաև Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն: Նրանք առայսօր պատժամիջոցների ցուցակում են: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը Եվրամիության հետ միասին պատժամիջոցների նոր փաթեթ են մշակում Բելառուսի ղեկավարության նկատմամբ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն