Ապագա սահմանը կանցնի այն գծով, որտեղ այդ սահմանապահները կդիրքավորվեն. Արման Մելիքյան

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ռուս խաղաղապահների մարտական հենակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։

Պարո՛ն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանի այս առաջարկով ի՞նչ խնդիր է լուծվում և ի՞նչ ռիսկեր է այն պարունակում։

— Ռուսական զինուժի տեղակայումը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով կարող է կանխել հետագա բախումները հակամարտ կողմերի դիրքապահների միջև: Դրա հետ մեկտեղ կան հարցեր, որոնք նախապես պետք է պարզաբանվեն, քանի որ այս կարգի գործողությունը կարող է իրավաքաղաքական ու ռազմական բնույթի ռիսկեր առաջացնել: Օրինակ՝ մի բան է, եթե ռուսական զինուժը տեղակայվի հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում և միանգամայն այլ բան, եթե ռուսները տեղակայվեն հայկական ստորաբաժանումների ներկա դիրքերում: Էական կլինի իրավական հետևանքների առումով նաև այն, թե ռուսներն արդյոք իրենց սահմանապահներին կբերեն սահման, թե՞ այդտեղ կգան, օրինակ, Գյումրիի ռազմակայանում ծառայություն իրականացնող զինվորականները: Եթե բերվեն ռուս սահմանապահներն, ապա կարող ենք ոչ առանց հիմքի ենթադրել, որ ապագա սահմանը կանցնի այն գծով, որտեղ այդ սահմանապահները կդիրքավորվեն: Կարող են նաև այլ սպառնալիքներ ի հայտ գալ: Ամեն դեպքում դեռ վաղ է մեր իշխանությունների ցանկությունն այսօրվանից արդեն իրականացված համարել։ Ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ դեռևս պաշտոնապես չի բանակցվել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ՌԴ-ն չի մեկնաբանում Փաշինյանի հայ- ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների հենակետեր տեղակայելու հարցը։ Ինչո՞ւ։

— Վարչապետ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը պաշտոնական Երևանը դեռ նոր է պատրաստվում քննարկել ռուսական կողմի հետ: Եթե այդպես է, ապա դրա վերաբերյալ ռուս գործընկերներն առայժմ չեն էլ կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ ծանոթ չեն պաշտոնական առաջարկի բովանդակությանը:

Ի՞նչ եք կարծում, ՀՀ կառավարության ղեկավարի կողմից հնչեցրած այդ առաջարկները փորձաքննություն անցնու՞մ են արտաքին գործերի նախարարությունում։

—         Չգիտեմ, արդյոք ՀՀ ԱԳՆ որևէ լիարժեք փորձաքննության մասին տեղին է խոսելն այսօր՝ նախարարության ղեկավար օղակն, ըստ էության, դեռևս կազմալուծված վիճակում է, իսկ դա չի կարող բացասաբար չանդրադառնալ այդ գերատեսչության աշխատանքի որակի վրա: Պաշտպանության նախարարությունը ևս վերակազմակերպման փուլում է: Այսպիսով, տրամաբանական կլինի ենթադրել, որ վարչապետ Փաշինյանն ինքն է հիմնական բանակցողը, որոշումներ կայացնողն ու դրանք կյանքի կոչելու պատասխանատուն:

Սահմանային ագրեսիա հրահրելով ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

— Բաքվի նպատակները կարող են մի քանիսը լինել՝ սկսած Հայաստանից հավելյալ տարածքներ բռնազավթելու ցանկությունից մինչև պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչում և Արցախի ինքնորոշման պահանջի ուրացում: Մենք պետք է հաշվի առնենք այն, որ Ադրբեջանի նպատակները կարող են նաև ժամանակի մեջ հաջորդել միմյանց այնպես, որ մի նպատակի իրականացումը դուռ կբացի հաջորդ նպատակին հասնելու գործընթացի մեկնարկի համար:

Ի՞նչ մեխանիզմեր կամ հակազդող քայլեր պետք է անի ՀՀ-ն, որպեսզի կանխի Ադրբեջանի նպատակների իրականցումը։

—  Դա հրապարակային քննարկման հարց չէ: Իշխանությունը կարող է համապատասխան խորհրդատվություն ստանալ, եթե գիտակցի, որ դրա կարիքն ունի:

Արդյո՞ք Ադրբեջանը ՀՀ-ին պարտադրում է ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից վկայակոչած « 100 տոկոս հայանպաստ» փաստաթութը։

—  Որևէ բան չեմ բացառում: Փաշինյանի իրական շփումները դրսի գործընկերների հետ այնչափ թափանցիկ չեն, որպեսզի հնարավոր լիներ տեսնել իր համար առկա կարմիր գծերը: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս գործընթացը ճակատագրական է ոչ միայն Հայաստանի և հայության, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ սա ենթադրել է տալիս, որ մեր հակառակորդները կձգտեն շահերի բախում առաջացնել, որի արդյունքում ՀՀ գործող վարչապետը ստիպված կլինի ընտրություն կատարել իր անձնական շահի ու պետության, ազգի ապագայի միջև:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն