Այս աշխարհակարգի վերջին ճակատամարտը

Պուտինի և Բայդենի հունիսին կայանալիք հանդիպման ընթացքում յուրաքանչյուրն իր խաղադրույքը կունենա նոր աշխարհակարգում. Թուրքիան չի ցանկանում անմասն մնալ դրանից։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ՝ Daily Sabah թերթը։
Թուրքիայի համար առանցքային են համարվում Պուտին-Բայդեն բանակցությունները, որոնք կփոխեն խաղի կանոնները։ Իսկ մինչ այդ՝ Թուրքիան ուղղորդվում է խորհրդակցություններով, որոնք կոչված են վճռական դեր խաղալ թուրք-ամերիկյան հարաբերություններում՝ Ջո Բայդենի կառավարման առաջիկա չորս տարիների ընթացքում։ Այսպես օրինակ՝ չորեքշաբթի խորհրդակցել են ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։ Այս հանդիպումը քաղաքագետները համարում են հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք՝ Ջո Բայդենի և Էրդողանի հանդիպման նախանվագ։

Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի առանցքում խաղացող և ՆԱՏՕ-ի առանցքից շեղված Թուրքիան զգուշավորություն է դրսևորում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և, ինչպես միշտ, փորձում է սիրաշահել Վաշինգտոնին՝ իբրև թե «ամեն ինչ սկսելու է նորից»։
Ամերիկացի գործարար կորպորացիաների ներկայացուցիչների հետ տեսակապով հանդիպման ժամանակ` թուրք ղեկավարը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Բայդենի հետ հանդիպումը կդառնա «նոր դարաշրջանի սկիզբ»։ Նա ակնկալում է, որ տնտեսական հարաբերությունների առաջընթացը վճռական դեր կխաղա։ Բացի այդ՝ Անկարան նախկինի պես լի է վճռականությամբ` երկու երկրների միջեւ քաղաքական սառեցված վեճերը կարգավորելու հարցում։
Թուրքերի ուշադրության էպիկենտրոնում այն իրողությունն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ժողովրդական ջոկատներին, որոնց շատ պարզ պատճառով՝ Թուրքիան համարում է ահաբեկչական։ Սա կապված է նաև Թուրքիայում Քրդստանի աշխատանքային կուսակցության արգելված լինելու հանգամանքի հետ։

Քրդական հարցին հերթագայում են ռուսական С-400 զենիթային համալիրների գնումը, Անկարայի և Աթենքի տարածքային վեճը, որը ձևակերպվում է որպես «Արևելամիջերկրյածովյան սահմանափակումներ» անվամբ։

Մյուս առանցքային բանակցությունը, որ կազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա՝ հունիսի 16-ին կայանալիք հանդիպումն է Բայդենի և Պուտինի միջև։ Այդ մասին ևս դիտարկում է Daily Sabah-ը։

Անկարան ուշադիր հետևելու է այդ բանակցությունների ընթացքին, արդյունքներին, որոնցով պայմանավորված է լինելու ոչ միայն գերտերությունների հարաբերությունների որակը, այլ նաև դրական և բացասական իմաստով՝ տարածաշրջանային և աշխարհակարգային հիմնախնդիրները։ Դա անպայման կանդրադառնա Թուրքիայի քաղաքականության վրա Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրյածովյան տարածաշրջանում և իհարկե՝ Կովկասում։ Փաստորեն՝ Թուրքիան վերջնական որոշումներ կկայացնի այն հարցերի շուրջ, որոնցում անհամաձայն է մինչ այսօր․ հիմնախնդիրները կհամաձայնեցվեն ԱՄՆ — Ռուսաստան բանակցությունների արդյունքների համատեքստում։

«Այդ որոշումների ընդունմամբ՝ կարելի է դիտարկել Թուրքիայի արտաքին քաղաքականության նշանակալի փոփոխությունները, որոնք չեն կարող անտեսել ոչ Ռուսաստանը և ոչ էլ ԱՄՆ-ն։ Թուրքական թերթը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն կարող որոշումներ ընդունել, որտեղ հաշվեկշիռը խոսի Թուրքիայի պարտության մասին։ Դա շատ հեռու կլինի իրականությունից։ Չի բացառվում, որ Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի Պուտին-Բայդեն հանդիպումից անմիջապես հետո։ Ղեկավարները հաշվի կառնեն աշխարհակարգի հաշվեկշիռը․ բոլորն էլ փորձառու խաղացողներ են և յուրաքանչյուրն իր համար կանի լավագույն քայլը, իհարկե որոնց չեն հասնում առանց փոխադարձ զիջումների։ Եթե այդ հավասարման լուծման մեջ ոչ մի կողմը զիջումների չգնա՝ նոր բախումներ, նոր գործընթացներ կառաջանան և ոչ թե հաղթողներ»,- գրում է Daily Sabah-ը։ Անկախ այն հանգամանքից, թե գերտերությունները «թուրքական հաղթանակի» ձևակերպման ինչ դրսևորում կունենան՝ միևնույնն է՝ դրսևորվելու են նոր սպառնալիքներ, նոր գործընթացներ, նոր բախումներ, որովհետև մեծ տերություններն իրենց իրավունքներն ընդլայնելու են փոքր պետությունների հաշվին։ Բայց քաղաքականությունը որոշում է, իսկ լինում է այն՝ ինչ լինում է։ Փաստորեն՝ Թուրքիան տրամադրված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի խաղադրույքների տանդեմից առավելագույնս օգտվել։

Թուրքիայի նախագահը մայիսի 26-ին դիմեց ամերիկյան մի քանի կորպորացիաների ղեկավարներին՝ կարգավորելու ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները։ Էրդողանը քննադատության ենթարկեց 20-րդ դարասկզբին հայերի ցեղասպանությունը ճանաչած Բայդենին: Թուրքիան մինչ օրս համառորեն ցեղասպանության չճանաչման դիրքերում է։ Իշխանամետ՝ Daily Sabah հրատարակության մեկնաբանը աշխարհակարգի երկու բևեռների հաշվեկշռի խնդիրը համարում է կարգավորված, եթե երկու բևեռները բավարարված են և երջանիկ՝ թեկուզ փոքր պետությունների շահերի հաշվին՝ զիջումներով։

Այս անգամ Թուրքիան կցորդ գերտերություն է և ավելի հակված է կցվելու Ռուսատանին, որովհետև ունի հավակնություններ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, որոնք առայսօր  Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո են։ Թե Թուրքիայի ջանքերը «հաղթանակի» հասնելու համար ո՞ր փոքր պետությունների հաշվին կլինեն՝ ցույց կտա ժամանակը։

Ամիսներ առաջ հրեա քաղաքագետները խոսում էին 1915թ իրադարձությունների կրկնման մասին, այսինքն՝ սցենարը գրված է այն գերտերությունների կողմից, որոնք աշխարհին հայտնի են իրենց ապաբարոյական գործունեությամբ, բայց Բայդենի աշխարհակարգի ռեալները բարձրացնում են ճնշված ազգերի շահերը՝ բարձրանում են քրդական, հայկական հարցերը, մերձավորարևելյան ողջ թնջուկը։ Աշխարհակարգը կդիմանա՞ արդյոք նույն աշխարհակարգը կարգավորող այդ ոչ սովորական մեթոդներով փոխակերպմանը, թե՞ դա կլինի այս աշխարհակարգի վերջին Ճակատամարտը։

Սպասենք զարգացումներին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն