Չաշխատող քաղաքացիների սահմանփակումների փաթեթ են պատրաստում

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առաջարկում է պատվաստվել։ Քանի-որ հասրակության մոտ պատվաստվելու ցանկության էական ակտիվություն չի նկատվում, շրջանառության մեջ է դրել նախագիծ, ըստ որի՝ գրանցված աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ էլ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն։

Շրջանառության մեջ է դրված «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Սույն օրենքը վերաբերում է բոլոր գրանցված աշխատողներին բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների:

Աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Սլոյանն անհեթեթ է համարում այս առանձնացումը․ «Չեմ հասկանում, թե ինչու պետք է պատգամավորը, համայնքի ղեկավարը չպատվաստվեն, իսկ այլ գրանցված աշխատողներ պատվաստվեն։ Չգիտեմ թե ինչով են այդ չինովնիկներն առանձնանում։ Եթե դա կարգավորվում է նախարարի հրամանով, ապա նկատենք, որ նախարարի հրամանը շատ ավելի թույլ իրավական ուժ ունի, քան գործող այլ իրավական ակտերը՝ օրինակ Աշխատանքային օրենսգիրքը, Սահմանադրությունը։ Ցանկացած նախագիծ կամ օրենք ընդունելիս պետք է հաշվի առնել, որ այն չպետք է հակասի մայր օրենքին։ Բժշկական անձեռնմխեղիություն ունի յուրաքանչյուր քաղաքացի։ Թե ինչու են այդ պաշտոնյաներին առանձնացրել մնացած քաղաքացիներից, հարցրեք նախագծի հեղինակներին։ Աշխատանքից ազատելու պայմանները հստակ սահմանվում եմ աշխատանքային օրենսգրքով, որտեղ որևէ փոփոխություն չի եղել»։

Ստացվում է, որ հետագա խնդիրներից խուսափելու համար նախարարությունը բացառությունների շարքում ներառել է այն խմբի աշխատակիցներին, ում նկատմամբ վարչական լծակ կիրառելն այնքան էլ հեշտ չէ։ Դրանք ընտրված մարմիններն են՝ պատգամավորները, համայնքի ղեկավարները, ՀՀ նախագահը և դատական իշխանությունը։ Պատգամավորին չպատվաստվելու համար հնարավոր չէ մանդատից զրկել, իսկ այ սուպերմարկետի վաճառողին կարելի աշխատանքից հեռացնել ցանկացած պահի։ Դե պատգամավորը հետամուտ կլինի իր իրավունքների վերակագմանը, իսկ վաճառողը՝ ոչ։

Դատավորին կամ դատախազին, իհարկե, ստիպել հնարավոր չէ, բայց հաշվի առնելով դատական իշխանության ծանրաբեռնվածությունը, արձանգրենք, որ դատավորը օրական միջինում նախագահում է 4 դատական նիստ, որտեղ կա առնվազն 4 քաղաքացի և 2 կարգադրիչ։ Ստացվում է, որ օրական դատավորն անձամբ շփում է ունենում, փաստաթղթեր է փոխանցում 24 անձի և ինքը չի պատվաստվում, իսկ նիստը քարտուղարող և նույն անձանց հետ շփվող դատավորի օգնականը պետք է պատվաստվի։

Այս ամենի ֆոնին, իհարկե, կա նաև մեկ այլ արտոնյալ խավ՝ նրանք, ովքեր գրանցված աշխատողներ չեն։

Հարգելի՛ նախարարություն, եթե տաքսիստը գրանցված աշխատող չէ, բայց ամեն օր ավելի մեծ քանակի մարդկանց հետ է շփվում, նա կարո՞ղ է հանգիստ չպատվաստվել և վիրուսը տարածել։ Ըստ նախագծի առաժմ կարող է, բայց այսօր կառավարության ճեպազրույցում Առողջապահության նախարարը հասկացրեց, որ այնքան էլ այդպես չէ՝ չաշխատող քաղաքացիների սահմանփակումների փաթեթ են պատրաստում։ Չաշխատողներն էլ կարող են, օրինակ՝ չսպասարկվել պետական մարմիններում և կառույցներում։

Ստացվում է, որ այս նախագծով ևս իշխանությունը քաղաքացիներին տանում է պառակտման, բաժանում է սևերի և սպիտակների։ Սպիտակների մի նեղ շրջանակ չի պատվաստվում և կլինիկական փորձարկման չի ենթարկվում, իսկ սևերը՝ պատվաստվում են։

Հ․Գ․ Տեսնես չպատվաստվելու համար աշխատանքից ազատումը էկոնոմիկայի նախարարի երկնիշ տնտեսական աճին չի՞ խանգարի։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն