Ձայնագրություններ ունենք. Արմինե Օհանյանի «օպպերկոտը» առողջապահության նախարարությանը

Օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ հոդված, որին անդրադարձել էր նաև «Փաստարկ» լրատվականը։
Հրապարակմանն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը` հոդվածը որակելով որպես «զրպարտանքն ու ապատեղեկատվություն»` մասնավորապես գրելով.
«ԱՆ-ն հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը չհրամցնել հանրությանը։
Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը հերյուրանք է և չի համապատասպանում իրականությանը:
Առողջապահության նախարարությունը խմբագրակազմին հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը` իբրև «բացահայտում», չհրամցնել հանրությանը:
Տեղեկացնենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է ընթացակարգերով սահմանված ձևով:
Մասնավորապես` Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները և պայմանագրային գումարններում վերաբաշխումները հաշվարկվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Կազմակերպությունների պայմանագրային գումարներում տարվա ընթացքում փոփոխությունները և վերաբաշխումները իրականացվում են որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 35-րդ կետով սահմանված կարգով»:
«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դիպուկ պատասխանը չէր ուշացել։ Տիկին Օհանյանը հենց մեկնաբանություններում գրել էր.
«Ո՞րն է զրպարտանք եւ ապատեղեկատվություն` այն, որ ձեր աշխատակազմի ղեկավարի համակարգչից նյութե՞ր են առգրավել, թե՞ այն, որ ՊԱԳ ղեկավարի հետ չեք աշխատում, իսկ գուցե այն, որ «Արմենիայի» տնօրենը ձեր աշխատակցի ազգակա՞նն է… հոդվածն ամբողջությամբ փաստարկված է, ձայնագրություններ ունենք: Անհարմար է` անտեղյակ մարդկանց մի մոլորեցրեք դատարկ ու կեղծ հերքումներ տարածելով»:
Ավելին, «Հրապարակ» օրաթերթի լրագրողը նշել է, որ և՛ Անահիտ Ավանեսյանը, և՛ աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը, և՛ նախարարության  մամլո խոսնակը հնարավորություն են ունեցել հերքելու հոդվածում նշված տեղեկությունները, սակայն, ինչպես գրել է լրագրող Սյուզան Սիմոնյանը, «նրանցից ոչ ոք չի հերքել» հոդվածում հրապարակված հանգամանքները։
Այս պահի դրությամբ բոլորս սպասում ենք ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն