Երևանի քաղաքապետը նախաձեռնեց 10 նոր հակահրդեհային հիդրանտի կառուցման և 38 հնի նորոգման ծրագիր

Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու կարիք է առաջանում։ Այստեղ փրկարարներին օգնության են հասնում մոտակա հիդրանտները: Ցավոք, Երևանում առկա հիդրանտների մեծ մասը տարիներ շարունակ չէր գործում: Այս տարի Երևանի քաղաքապետը նախաձեռնեց 10 նոր հակահրդեհային հիդրանտի կառուցման և 38 հնի նորոգման ծրագիրը:

«Երևանում տեղադրված 503 հիդրանտի կեսից ավելին չէր աշխատում: Նախկինում նորոգման կամ կառուցման նման ծրագիր չի եղել: Սա շատ կհեշտացնի հրդեհաշիջման գործը»,- ընդգծում է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը:

«Հիդրանտներն ապահովում են վայրկյանում նվազագույնը 10 լիտր ջուր՝ սնուցվող մեծ խողովակներից»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Նոր կառուցվող հիդրանտների բոլոր հասցեներն ընտրվել են ԱԻՆ մասնագետների հետ: Հիդրանտ է տեղադրվել նաև Նուբարաշենի խճուղում՝ աղբավայրում ամռանը բռնկվող հրդեհներն արագ հանգցնելու համար: Առաջին հայացքից դիտահորից ոչնչով չտարբերվող հորաներն իրականում հնարավորություն են տալիս խնայել վայրկյաններն ու փրկել մարդկանց կյանքը, մասնավոր ու համայնքային գույքը, հեկտարներով կանաչ տարածքներ:

«Այս տարի ևս 53 հիդրանտի կառուցման ու վերակառուցման նախագիծ է պատվիրվել, ինչի շնորհիվ ծրագրի ծավալներն էապես կմեծանան»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:Երևանում անվտանգությունը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը կյանքի կոչեց ևս մեկ կարևոր նախագիծ՝ քաղաքում տեղադրել օդային տագնապի 100 շչակ: 90-ն արդեն տեղադրված է, 10-ն էլ ընթացքում է: Բացի այդ, գնվել և տեղադրվել է հատուկ համակարգ, որը հնարավորություն կտա շչակները կառավարել հեռավար:

Քաղաքային իշխանության իրագործած ծրագրերը բնակիչները երբեմն չեն էլ նկատում, սակայն դրանցից յուրաքանչյուրը հենց քաղաքի ու քաղաքացու անվտանգության, հարմարավետության ու բարեկեցության համար է նախատեսված:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն