Ղրղզստանը և Ադրբեջանը ստեղծում են համատեղ ներդրումային հիմնադրամ

Ղրղզստանը և Ադրբեջանը ստեղծում են համատեղ ներդրումային հիմնադրամ։ Հուլիսի 5-ին այդ մասին տեղեկացրել է Ղրղզստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հարցի առնչությամբ կողմերը պայմանավորվել են Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևի ղեկավարած պատվիրակության՝ Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում. պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Ինչպես տեղեկացրել է Ղրղզստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, պայմանավորվել են ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ և դիտարկել են Բաքու-Բիշքեք ուղիղ չվերթի վերսկսման հնարավորությունը: Բացի այդ՝ քննարկել են Ղրղզստանի մայրաքաղաքում Ադրբեջանի դրամաշնորհային միջոցներով զբոսայգու և հանրակրթական դպրոցի շինարարության հարցերը, ինչպես նաև Բաքվում՝ Ղրղզստանի առևտրի տան ստեղծման մասին։

Ռուսլան Կազակբաևը և Ալի Ասադովը կարևորել են COVID-19-ի դեմ պայքարում փոխգործակցությունն ու Ղրղզստանին պատվաստանյութերի՝ հնարավոր տրամադրման հարցերը։ Ղրղզստանի արտգործնախարարության ղեկավարը հետաքրքրություն է դրսևորել Ադրբեջանի փորձի հանդեպ ներդրումների ներգրավման, կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի, պետական ​​կառավարման և դատական ​​համակարգի ոլորտում բարեփոխումների հարցերում: Իր հերթին, Ադրբեջանի կառավարության ղեկավարը հանդիպման ավարտին պատրաստակամություն է հայտնել այցելել Ղրղզստան 2021 թվականի աշնանը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն