«Հաղթում ենք»-ի 50 երանգները

Այսօր մարտական հենակետում 3 զինծառայող է զոհվել։ Այս մասին առավոտյան հաղորդագրություն տարածեց Պաշտպանության նախարարությունը։ Ըստ ՊՆ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել գիշերը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է։

Հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի, եւ 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։
Առավոտյան տարածած հաղորդագրությունում ՊՆ հայտնում էր, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ Օրվա երկրորդ կեսին արդեն տարբեր լրատվամիջոցներով լուրեր պտտվեցին և հնչեցին ամենատարբեր վարկածներ, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

Մինչ բոլորը սպասում էին պաշտոնական վարկածին, պատասխանատու գերատեսչությունը տարածում է հաջորդ հայտարարություն-հորդորը և խնդրում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Հարգելի՛ ՊՆ, ո՞ր պաշտոնական տեղեկատվությանն եք հորդորում հետևել, այն որ ժամեր շարունակ չէ՞ր հայտնվում հորիզոնում, թե՞  այն, որը հապճեպ կհորինեք և կհրապարակեք, երբ հասարակությունն արդեն կունենա սեփական վարկածը։

Մեկ շաբաթում 6 զոհ ունենք, բոլորի շուրջ հարուցված են քրեական գործեր և սպանությունները կանխելու ուղղությամբ, գոնե տեսանելի տիրույթում, կատարվում է զրո քայլ։

Նորանշանակ նախարարն ասում էր. կրակելու ենք, պատժելու ենք, զգուշացեք, վերջին անգամ եմ ասում։ Իսկ “կրակելուց” կրակում են անձայն, շշուկով։ Իրավիճակը սարսափելիորեն հիշեցնում է նախկինում ՊՆ նախարար աշխատած Դավիթ Տոնոյանի «Նոր տարածքներ» կարգախոսը։ Թե ինչ եղավ հետո, չպատմենք։ Միայն ևս մեկ անգամ հիշենք, որ Դավիթ Տոնոյանն ասպարեզում չի երևում։

Ինչ վերաբերում է գերատեսչության աշխատանքի ամենաթողությանը, ապա այն բնորոշում է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում։ 3 զոհ մեկ հենակետում ու դեռ հանգամանքնե՞ր են պարզվում։ Սահմանային դեպքի հետ կապված առավոտից տարբեր տեղեկություններ են ստացվում։ Հորդորում եմ համապատասխան կառույցներին, որպեսզի հնարավորինս արագ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցեն»։

Դեպքի առթիվ սեփական նախաձեռնությամբ նաև վարույթ է սկսել ՀՀ ՄԻՊ-ը։

Ի վերջո ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, թե «նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Միայն լավ կլիներ, որ ՀՀ ՊՆ-ն նորից չսկսեր «Հաղթում ենք»` դեպի անդունդ տանող կարգախոսի տիպի գործելաոճ կիրառել, քանի-որ մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու չի խոսվում կտրող գործիքներով հասված վնասվածքների մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն