«Հարգելի»՛ ԲԴԽ, հարգանք չեն պահանջում, հարգանք վաստակում են». Pastark.am

Բարձրագույն դատական խորհուրդը ԱԺ պատգամավորներին հորդորում է զուսպ արտահայտվել դատավորների հասցեին։ Այս կոչն, իհարկե, ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այսքան ողբերգական։

Այս կառույցը, որն արդեն իսկ վարկաբեկված է և հասարակության համար հանդիսանում է իշխանության կամակատարը, կատարում է վերջինիս քմահաճույքները, հիմա հորդորում է նրբանկատորեն արտահայտվել արդարադատության մասին։

Իսկ որտե՞ղ էր այս կառույցը, երբ Նիկոլ Փաշինյանը դատավորներին անվանում էր «վնգստացող», որտե՞ղ էր, երբ կոչ էր արվում շրջափակել դատարանները։

Իսկ արդյո՞ք այս կառույցը չի վիրավորվում կամ հեղինակազրկվում այն ժամանակ, երբ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը սրբագրում է մեղադրական եզրակացությունը (Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Րաֆֆի Հայրապետյանի գործով)։

Արդյո՞ք դատավորի կամ իրավապահ ողջ համակարգի հեղինակությունը չի տուժում այն ժամանակ, երբ երկրի ղեկավարը փաստացի ցուցում է տալիս գլխավոր դատախազին, ոստիկանությանը և ԱԱԾ տնօրեին, երբ քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ կոնկրետ գործարանի աշխատակիցներ իրենց «հալը կտեսնեն» և ընտրություններից հետո՝ հաջորդ շաբաթ, այդ նույն գործարանում ստուգումներ և ձեռբակալություններ են լինում (Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատ)։ Արդարադատության ո՞ր հեղինակություն եք ցանկանում, որ ԱԺ պատգամավորները պահպանեն, հարգելի՛ ԲԴԽ։ Այն, որ Սյունիքի բոլոր ըմբոստ համայնքապետերի դեմ քրեական գործե՞ր կան, թե՞ այն որ նրանց մեծ մասը կալանավորված է։

Գլխավոր դատախազն իրավասու է քրեական հետապնդում հարուցել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով, ի՞նչն է նրան կաշկանդում վարվել այդպես՝ ծառայամտությո՞ւնը, հանցավոր համագործակցության անդամ լինե՞լը, քաղաքական կաշկանդվածությո՞ւնը, սեփական անմաքուր անցյա՞լը, անհանգստությունը կասկածելի ծագման սեփական գույքի համա՞ր, թե՞ մի այլ բան։

ՀՔԾ-ում ինչ-որ բան փոխվե՞լ է, թե Սասուն Խաչատրյանը շարունակում է համոզված լինել, որ՝ «մինչեւ չկալանավորվի, ցուցմունք չի տա» (ՀՔԾ պետն այդպես էր արտահայտվել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովի մասին)։

Մի՞թե ԱԱԾ-ի գործառույթը ևս փոխվել է, այդքան կենցաղին մակարդակի է իջեցվել։ Մի՞թե քաղաքական խնդիր լուծելն օրակարգային է, մի՞թե արդարադատությունն այդպես պետք է պատկերացնել և ընկալել՝ գտնել շոկոլադե հավաքածուների տուփեր, տեսանկարահանել և ահասարսուռ երաժշտությամբ մի մեծ հոլովակով իրենց այդ «հերոսությունները» մեզ ներկայացնել։ Իսկ, օրինակ, համր ձևանալ այն ժամանակ, երբ Արցախի նախագահը հայտարարում է, որ ԱԱԾ էլիտար ջոկատը հրաժարվել է դիրքեր բարձրանալ և իր հետ սահման պահել։

«Հարգելի»՛ ԲԴԽ, հարգանք չեն պահանջում, հարգանք վաստակում են։

Փաշինյանի նախընտրական «խոստումը»՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա ասվածը հիմա լոկ մեկ բնորշում ունի՝ «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ` ՍԱՐՔՈՎԻ»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն