Հայաստանի իշխանությունները պատերազմի ժամանակ Ռուսաստանին անհարմար վիճակում են դրել. Ռոբերտ Քոչարյան

Սա փաստարկների ամբողջություն է՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ ներմղելու համար: Իրականում Ռուսաստանի դերը երկակի էր այս պատմության ողջ ընթացքում. մի կողմից նա Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն էր, մյուս կողմից՝ կային ջանքեր՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ Այդուհանդերձ՝ Մոսկվան համարվում է միջնորդ՝ Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար։ Այդ մասին հունիսի 8-ին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե պատերազմը շահեկան էր Ռուսաստանի համար։
«Մենք արդեն տեսնում ենք, որ դա ինչ-ինչ փաստարկներ է տալիս Հայաստանում և Հայաստանից դուրս այն ուժերին, որոնք շահագրգռված են Հայաստանի ներսում Ռուսաստանի հանդեպ այդօրինակ հարաբերություն ներմղելու համար։ Այս իրադրության պարամետրերը որոշակի հիմք են տալիս՝ այդպիսի շահարկումների համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով հրատարակության այն ակնարկին, թե Ռուսաստանը մի քիչ ավելին կարող էր անել Հայաստանի համար, գրեթե կարող էր կռվել՝ նախկին նախագահը հաստատեց, որ իրադրությունն այդուհանդերձ բարդ էր։ Հանրապետությունում, նրա խոսքով, կային ակնկալիքներ` ամեն դեպքում՝մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, իսկ Ռուսաստանը հիմա որոշակի չեզոքություն է դրսևորում։
«Ռուսաստանը ինչ-ինչ կերպ, անկասկած օգնել է սահմանափակ պարամետրերով։ Եվ հետո՝ Ռուսաստանի մուտքն այդ գործընթացներում կսադրեր Թուրքիայի ակտիվ մուտքը։ Հետևանքները կարող էին անկանխատեսելի լինել։ Ես որպես հայ կկամենայի, որ Ռուսաստանը շեշտը դներ իր միութենական պարտավորությունների կատարման վրա։ Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը կամեցել է անել ամենը, որ ավելի շուտ կանգնեցներ հակամարտությունը, որպեսզի դուրս գար այդ անհարմար ձևաչափից, որը ստեղծվեց այս պատերազմի հետևանքով»,- ասել է նա։
Այդուհանդերձ՝ Քոչարյանը հավաստեց, որ դա չհաջողվեց հայկական կողմի հրաժարվելու պատճառով։
«ՌԴ նախագահն իր առաջարկն արել է հոկտեմբերի 19-ին, եթե չեմ սխալվում։ Ինչպես ես գիտեմ՝ դա կարել էր անել պատերազմի հենց առաջին շաբաթվա ընթացքում։ Ռուսաստանն արել է այդ առաջարկը, հայկական կողմը հետևողականորեն այդ գործընթացը փակուղի է տարել։ Հայաստանի իշխանություններն իրավիճակը հանգեցրել են պատերազմի ու Ռուսաստանին՝ և որպես միջնորդ, և որպես ռազմաքաղաքական դաշնակից, դրել են անհարմար վիճակում։ Այդ իրավիճակում Ռուսաստանի շահերից էր բխում արագ կանգնեցնել պատերազմը։ Որքան ես գիտեմ՝ Ռուսաստանը ջանացել է դա անել ռազմական գործողությունների սկսման առաջին իսկ օրվանից։ Սա պարզապես այլանդակություն է։ Երբ դու գիտես, որ դու պարտվելու ես և հետևանքները վատթարագույնն են լինելու, դու հրաժարվում ես առաջարկից միայն նրա համար, որ քեզ չմեղադրեն դավաճանության հարցում։ Այդ պահվածքի համար մենք ահռելի գին վճարեցինք՝ և մարդկային կյանքեր, և տարածքային կորուստներ»,- ընդգծել է նախկին նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ իրադրությունը կօգտագործեն այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ Ռուսաստանի դիրքերը թուլանան Հայաստանում։ Նրանք կշահարկեն, սակայն «իրական պատմությունը միանգամայն այլ է»:
«Այդ պատմությունը Հայաստանի անպատասխանատու իշխանությունների մասին է, որ արեց ամենը, որպեսզի պատերազմն անխուսափելի լինի և արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք այդ պատերազմում պարտվենք՝ առավելագույն կորուստներով` ինչպես մարդկային , այնպես էլ տարածքային առումներով։ Փաստացի դա այն է՝ ինչ որ կա»,- ամփոփեց նա։
Եթե Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը փոքր-ինչ արժանապատվության զգացում ունենար՝ պետք է ինքնասպանություն գործեր՝ Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանն այդ մասին հայտարարել է մարտի 4-ին ռուսական ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսում։ «Նոյեմբերի 10-ին իշխանությունը պետք է ծնկի գար, ներողություն խնդրեր ժողովրդից։ եթե նրանք ունենային արժանապատվություն՝ կկրակեին իրենք իրենց»,- ասել է նախկին նախագահը։ Նրա խոսքով՝ եթե հանրապետության ներկայիս ղեկավարները մտածեին երկրի մասին՝ կզիջեին իրենց տեղն այն մարդկանց, ովքեր ընդունակ են բանակցություններ վարելու Ղարաբաղի շուրջ։
Հայաստանի նախկին ղեկավարը փետրվարի 6-ին հայտարարել է, որ վերջին պատերազմը Ղարաբաղում կարելի էր թույլ չտալ։ «Ես լինեի իշխանություն՝ պարզապես համոզված եմ՝ պատերազմ չէր լինի։ Իսկ եթե լիներ էլ՝ տոտալ մոբիլիզացիայի և ուժերի խտացման արդյունքում՝ թշնամուն կկանգնեցնեի», — հայտարարել է Քոչարյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն