«Հայոց Հայրենիք» կուսակցությունը դիմել է Սահմանադրական Դատարան՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով

Արդյո՞ք 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները  բավարար հիմք են՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար:

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ արձանագրված խախտումներն այնքան աղաղակող են, որ առավել քան բավարար են ընտրություններն անվավեր ճանաչելու համար:

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց Հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ Խորհրդարան ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի առջև բարձրացված խնդիրները հետևյալն են. 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեղադրվել է 4007 տեխնիկական սարք և քվեատուփ։ Ընտրողների ընդհանուր թիվ է հայտարարվել 2․595․512 անձ։

  • Ընտատեղամասերը հագեցված չեն եղել ընտրողների քանակին համապատասխան տեխնիկական միջոցներով,  չեն ունեցել հաշմանդամ անձանց սպասարկման համապատասխան պայմաններ: Այս խախտումն արձանագրել են նաև դիտորդները:
  • Խախտված է ընտրության գաղտնիության սկզբունքը: Քվեարկությունից հետո ընտրողը թերթիկները, որոնց օգտին չի քվեարկել, թողնում է քվեախցիկի արկղի մեջ, որը ոչ միայն բաց է, այլ նաև շատ փոքր տարողություն ունի։ Փաստացի ամեն հաջորդ ընտրող հստակ ունեցել է հնարավորություն տեսնելու, թե իրենից առաջ քվեախցիկում գտնվող ընտրողն ում օգտին է քվեարկել:
  • Տեղամասերի տեսաձայնագրությունների ուսումնասիրություններից պարզվել է, որ գրեթե յուրաքանչյուր 10 ընտրողից հետո ընտրական հանձնաժողովի անդամը մտել է քվեախցիկ և դուրս բերել չքվեարկած թերթիկները, ինչի արդյունքում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը, այն էլ՝ համատարած:
  • ԿԸՀ-ից ստացված տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գրեթե բոլոր տեղամասերում քվեաթերթիկները չեն դրվել չհրկիզվող պահարաններում:
  • Ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք այլ խախտումներ (թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողություններ, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական տեղամասերի մասսայական հոսանքազրկում, համատարած բաժանված ընտրակաշառք, ընտրակեղծիքներ, ուղղորդումներ, ընտրողներին հարկադրելը և այլն)։
  • Տեղի է ունեցել համատարած հոսանքազրկում ՀՀ գրեթե ամբողջ տարածքում, մեկը մյուսից 10-15 րոպե ինտերվալով, որը լրջագույն կասկած է առաջացնում ընտրական արկղների փոփոխման կամ լցոնումների վերաբերյալ։
  • Նախընտրական քարոզչության ընթացքում Սիսիան, Արթիկ, Վանաձոր քաղաքներում և Արարատի մարզում խոչընդոտվել է «Հայոց Հայրենիք» կուսակցության քարոզարշավը, Արթիկ քաղաքի դեպքով հարուցվել է քրեական գործ։
  • Ընդամենը 70 տեղամասում վերահաշվարկի արդյունքում, արձանագրվել են կոպտագույն խախտումներ, պարզվել է որ 10-ից 30 անգամ պակասացվել կամ ավելացվել են այս կամ այն կուսակցության քվեները։
  • Բանակը քվեարկել է բաց և գործող իշխանության օգտին, իսկ քվեարկող զինվորականների թիվը հասնում է 45 000-ի:
  • «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը հայտարարել է 15000 կրկնակի քվեարկած զինծառայողների մասին Սյունիքում: Անգամ հայտնում են Էջմիածին քաղաքից զինվորներին քվեարկության նպատակով Մեղրի քաղաք տեղափոխելու մասին։
  • Ընտրախախտումներ են թույլ տրվել նաև նախընտրական քարոզչության փուլում: Ապօրինի կերպով վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվել է ողջ վարչական ռեսուրսը:

Խախտումները բազմաթիվ են, որոնք շարադրվել են ՍԴ ներկայացված դիմումում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն