ՀՀ անքակտելի մաս են հանդիսանում Լեռնային և Դաշտային Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը. Վահե Գասպարյան

«Փաստարկ» լրատվականի զրուցակիցն է «Ազգային ժողովրդավարական Բևեռ» կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը։ Բժիշկ, քաղաքական գործիչը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է այն խնդիրներին, որոնք ամենաշատն են անհանգստացնում մեր բնակչությանը։

— Պարո՜ն Գասպարյան, Արցախի հարցի լուծման, կարգավիճակի ճշգրտաման ի՞նչ հնարավոր տարբերակներ եք տեսնում։

— Մենք պետք է Արցախի հարցը քննարկենք առաջին հանրապետության իրավահաջորդության համատեքստում՝ դրանից բխող իրավափաստաթղթային բազայի հիման վրա: Հայաստանի և Ադրբեջանի սահմանները որոշվել են 1920 թվականի փետրվարի 24-ի, Ազգերի լիագայի` Փարիզի կոնֆերանսի հատուկ հանձնախմբի զեկույց- առաջարկով՝ համաձայն որի ՀՀ անքակտելի մաս են հանդիսանում Լեռնային և Դաշտային Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը: Հետևաբար Արցախի հարցը հանդիսանում են հայկական հարցի բաղկացուցիչ մաս և պետք է լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության տրամաբանության ներքո: Այդ դեպքում գրավյալ տարածքների խնդիր չի առաջանա և օկուպանտի դերում կլինի, ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը:

— Առաջին հանրապետության վերականգման գործնական տեսլական ունե՞ք:

— Երբ նախկին ռեժիմին կտանք իրավաքաղաքական գնահատական՝ անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, սրանից հետ արտահերթ նոր ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի հիրավի Ազգային ժողով: Իսկ այս ամեն ինչից հետո կհռչակվի իրավահաջորդությունը և մենք կդիմենք միջազգային հանրությանն ու կասենք, որ մենք, որպես իրավահաջորդ երկիր, խնդրի լուծումը այդպես ենք տեսնում:

— Ճանապարհների ապաշրջափակման ինչպիսի՞ լուծում եք տեսնում:

— Ոչ մի ապաշրջափակում չի լինելու: Մենք ո՞ւմ ենք շրջափակել, որ մի հատ էլ ապաշրջափակենք: Մեզ են շրջափակել: Ապաշրջափակում ասելով նկատի ունեն Մեղրու միջանցքը, ինչը մեզ համար անվտանգ չի կարող լինել՝ ծառայելու է Ադրբեջանին և Թուրքիային: Այդ քողի տակ ուզում են միջանցք կորզել:

— Գերիների վերադարձն ինչպե՞ս եք պատերացնում:

— Այս հարցը համարում ենք գերկարևոր և լուծման բանալին տեսնում ենք իրական դաշնակիցների ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, գործուն ճնշման տակ` սանկցիաների միջոցով ստիպել, որ Ադրբեջանը գերիներին վերադարձնի:

— Արտաքին քաղաքականության ինչպիսի՞ ռազմավարության կողմնակից եք՝ ավելի շատ արևմտամե՞տ թե ռուսամետ քաղաքականություն եք վարելու։

— Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ, մենք պետականամետ ուժ ենք: Այսօրվա դրությամբ մեր ազգային շահերը համաընկնում են արևտյան երկրների հետ՝ Իրանի, Հդկաստանի, Վրաստանի, արաբական աշխարհի շատ ու շատ երկրների հետ: Մեր արտաքին վեկտորը պատկերացնում ենք՝ ելնելով մեր շահերից և առաջին հերթին մտադիր ենք դիմել ԱՄՆ-ին՝ ստանալու ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ, որը մեզ կապահովի թե՛ ռազմական անվտանգություն, թե՛ քաղաքական սատարում կհանդիսանա, թե՛ տնտեսական լծակ: Կարծում ենք, որ Հայաստանը պետք է նաև Հյուսի-հարավ պլատֆորմի մաս դառնա:

— Առողջապահության առջև ծառացած լուրջ խնդիր կա` համավարկը հաղթահարված չէ, մարդիկ շարունակում են մահանալ։ Խնդրի կարգավորման ի՞նչ հնարավոր լուծում եք տեսնում։

— Համավարակի տեմպերը նվազում են, նաև պայմանավորված եղանակային պայմաններով: Աշնանը հնարվոր է երրորդ ալիք, սակայն հասարակության մոտ արդեն ձևավորված է կոլեկտիվ իմունիտետ: Պատվաստումները պետք է կատարվեն, բայց միայն կամավոր սկզբունքով: Ավելի կարևոր է, որ պատվաստված լինեն ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները:

— Իշխող ուժի հետ կոալիցիա կկազմեք։

— Ոչ իշխող և ոչ էլ նախկին ուժերի հետ որևէ ձևաչափով համագործակցություն չենք տեսնում, այն պատճառով, որ իրենք մաս են կազմում գաղութային, քրեաօլիգարխիկ համակարգի:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն