Ի՞նչ նախընտրական PR տեխնոլոգիաներ են կիրառել Քոչարյանն ու Փաշինյանը. մասնագետի կարծիքը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերը սկսել են հավաքները, հանդիպումները։ Քաղաքում արդեն կարելի է նկատել գովազդային վահանակներ, նախընտրական կարգախոսներով պաստառներ և այլն։ Ինչո՞վ է պայմանավորված շտապողականությունը։ Հիմնական քաղաքական ուժերից ով ինչպես է ներկայանում հասարակությանը և այլ հարցեր ուղղել ենք հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանին

1. Ընտրարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերը սկսել են հանդիպումները ընտրողների հետ, գովազդային վահանակնր են տեղադրում և այլն։ Ի՞նչ եք կարծում այս շատապողականությունը ինչի՞ համար է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընտրություններն արտահերթ են և պաշտոնական քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, բնականաբար, քաղաքական ուժերը չեն կարողանա այդքան կարճ ժամանակում հրավիրել հասարակության ուշադրությունը: Հենց դա էլ շտապողականության է մղում։ Հատկապես իշխող կուսակցությունը շատ ավելի վաղ սկսեց քարոզարշավային ելույթները և բոլոր հնարավոր լծակներն օգտագործում է առաջիկա ընտրարշավի տեսանելությունը բարձրացնելու և հիասթափված շերտին հետ վերադարձնելու համար:

2. Երկու հիմնական մրցակից քաղաքական ուժեր՝ «Հայաստան» դաշինքը և գործող իշխանությունը հանրահավաքներ արեցին մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը։ Խնդրում եմ դիտարկել «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի խոսքը և հռետորաբանությունը։ Որքանո՞վ էր համոզիչ Ռոբերտ Քոչարյանի ասելիքը, որքանո՞վ էր հստակ խոսքը, ժեստիկուլացիային հետևելիս կարող ենք ենթադրել, որ անկեղծ էր։

Մայիսի 9-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը գրագետ էր կազմակերպված՝ և՛ դաշինքի ստորագրման արարողությունը, և՛ քայլերթը դեպի Ազատության հրապարակ, և՛ բուն հանրահավաքը: Դաշինքի վիզուալ հաղորդակցությունը ևս գրագետ էր, լոգոն, որի նշանը մեծության և առաջընթացի գաղափարաբանություն է կրում, իսկ ձևավորումը դասական մինիմալիստական էր, ինչպես նաև դաշինքի ստորագրման և ելույթի սրահում գրագետ օգտագործված էին պետական արարողակարգի դրույթներն ու պետական խորհրդանիշները: Մայիսի 9-ին իրականացնելը ևս ուղերձ էր պարունակում՝ մի կողմից հաղթանակի օրը խոսում են ապագա հաղթանակի մասին, մյուս կողմից մայիսի 9-ը տարիներ շարունակ տոնվում էր, որպես Շուշիի ազատագրման օր, իսկ հարթակում գտնվողներից շատերն անմիջական ներգրավվածություն են ունեցել Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի կերտման գործում:

Կարգախոսը ևս հաջողված է՝ «Դեպի ուժեղ Հայաստան», մի կողմից առավել քան երբևէ, այսօր հանրությունը զգում է ուժեղ Հայաստանի կարիքը, քանի որ կան անվտանգության խնդիրներ, մյուս կողմից` անձնապես Ռոբերտ Քոչարյանն ասոցացվում է ուժի հետ:

Երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նման զանգվածային շփում չէր ունեցել, քայլերթը ցուցադրեց հաղորդակցության ձգտումը, հասարակության հետ երկխոսելու անհրաժեշտությունը: Ռոբերտ Քոչարյանի խոսքը հակիրճ էր, հումորային սկիզբ ուներ, որը դարձրեց խոսքն ավելի անկեղծ: Ըստ էության` հանրահավաքը Ռոբերտ Քոչարյանի տրիումֆն էր:

3. Խնդրում եմ դիտարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքը և հռետորաբանությունը։ Որքանո՞վ էր համոզիչ ասելիքը, խոսքում տագնապային տրամադրություններ նկատեցի՞ք, ինչպես համացանցի օգտատերերն են պնդում` մեսիջներ կային։ Ինչի՞ մասին էին խոսում ժեստերը, որոնք հաճախ խոսքից առաջ էին անցնում. խոսում էր այլ բանի մասին չհամապատասխանող ժեստիկուլացիայով։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հաճախ է այցելում մարզեր՝ հասարակության հետ շփումն իրականացնելով հանարհավաքային ձևաչափով, սակայն պետք է նշել, որ վարչապետի պաշտոնակատարի այցը կրում էր հերթական աշխատանքային այցի բնույթ` իրեն բնորոշ բառամթերքի օգտագործմամբ: Արդարության համար նշենք, որ երկու իրադարձությունները չի կարելի համեմատել, որովհետև մի կողմից հանրահավաք էր և դաշինքի ձևավորման հայտի բարձրաձայնում, մյուս կողմից հերթական աշխատանքային այց էր, որն, իհարկե, ծառայեցվեց նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Փաշինյանի կինետիկ իմիջն այդպես էլ չմշակվեց, չկանոնակարգվեց, վերջին շրջանում վերբալ իմիջն ու կինետիկ իմիջը հակասում են միմյանց, այնինչ պետք է փոխլրացնեին՝ անհանգիստ շարժումներն ու վարքագիծը տագնապայնություն են մտցնում խոսքում:

 

4. Երեք տարի առաջ Փաշինյանի խոսքը տպավորիչ էր և հասարակության համար լսելի ու ընդունելի։ Ի՞նչ է փոխվել հիմա, Փաշինյանի ելութների հետևորդները նվազել են, սակայն նշենք նաև, որ հասարակության որոշ մաս, անկախ ամեն ինչից, վստահում և հավատում է իր թեկնածուին։ Ինչու՞։

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության եկավ հուզական ֆոնի ներքո և նախորդ երեք տարիների ընթացքում փորձ արեց պահպանել հուզականությունն ու ազդեցիկությունը, ինչը ապահովում է որոշակի լսարան: Քանի որ մարդիկ նույնիսկ տեսնելով սխալներ և հիասթափվելով` չեն ցանկանում գիտակցել սեփական սխալը, ցանկանում են մեղավոր դասել ուրիշներին, ինչի արդյունքում, անգամ ակնհայտ ստի դեպքում, տեսնում ենք որոշակի հետևորդների զանգված, դրան գումարվում են նաև սոցիալական ցանցերում ներգրավված կեղծ օգտատերերը, այստեղ պետք է հիշել, որ ֆեյսբուքյան իրականությունն ամենևին էլ չի արտացոլում իրական իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը կորցրեց մեծ լսարան, որովհետև հասարակության հետ հաղորդակցությունը գրագետ չկազմակերպվեց: Իր ելույթներում հնչած քննադատությունը` տարբեր ոլորտներին առնչվող, որևէ կերպ չբարեփոխվեց, այլ ընդհակառակը` ստացվեց, որ ապատեղեկատվության տարածումն ու սուտը դարձան իշխանության կառավարման կացութաձև:

 

5. Ի՞նչ PR տեխնոլոգիաներ են կիրառում երկու առաջնորդները։

Նիկոլ Փաշինյանի ելույթները պոպուլիստական են: Նա ասում է այն, ինչ ուզում է լսել իր առջև կանգնած հանրությունը, գտել է նախկիններին մեղադրելու ոսկե բանաձևը, որի արդյունավետ կիրառումը տեսնում ենք վերջին երեք տարիների ընթացքում:

Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է պետական գործչի ավանդական կերպարում, դիրքավորվում որպես հակառակ բևեռ, հավասարակշռված խոսք ունի և հնչեցված ուղերձ, որն է` արժանապատիվ խաղաղություն, մերժում է ռևանշիստական մոտեցումներն ու թուլությունը, արտահայտում իր հետևորդների սպասելիքները:

Դեռ վաղ է խոսել PR տեխնոլոգիանիաների մասին, ժամանակի ընթացքում դրանք ևս կվերլուծենք:

 

6. Եթե նայենք ընտրված հագուստին՝ Ռոբերտ Քոչարյանը կրում է դասական կոստյում, հաճախ նաև փողկապ սա ավելի բարձրից նայելու և հասարկությունից առանձնանալու բաղադրիչ կարո՞ղ ենք համարել։

Ռոբերտ Քոչարյանը պետական գործչի ավանդական կերպարում է ներկայանում, իսկ հանրահավաքի ժամանակ, ինչպես հիշում եք, բեմահարթակում հանեց փոխկապն ու պիջակը, ինչն էլ կոտրեց պաշտոնականությունը և մղեց անկեղծ ելույթի:

 

7. Նիկոլ Փաշինյանը նախընտրում է ավելի առօրյա հագուստ, սա անմիջական լինելու հետ կարո՞ղ ենք կապել։

Փաշինյանի դեպքում հակառակն է, հագուստը անմիջականությունն է ցուցադրում, բայց սա էլ նպաստեց նրան, որ հասարակությունն այդպես էլ վերջինիս չընկալեց որպես պետական գործիչ: Միևնույն ժամանա,կ իմիջոլոգիայի տեսանկյունից չի խրախուսվում հագնել ընդգծող հագուստ, որն ի ցույց է դնում մարմնի «բարեմասնությունները», իսկ պաշտոնական հագուստ կրելիս պետական պաշտոնյան պետք է հետևի էթիկայի և արարողակարգի կանոններին, ինչը հաճախ խախտվում է Փաշինյանի կողմից:

 

8. Նկատե՞լ եք, որ երկու առաջնորդներից մեկը մյուսին ինչ-ինչ արարքներով նմանակի։

Մենք գործ ունենք երկու տարբեր բնույթի և ոճի քաղաքական գործիչների հետ, որոնք մեկը մյուսին չեն կարող նմանակել:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն