Իրանը հանդես է եկել երկրների տարածքային ամբողջականության և ճնշվածների իրավունքի օգտին

Իրանի նոր ընտրված նախագահ Իբրահիմ Ռաիսին Բոսնիայի և Հերցեգովինայի արտգործնախարար Բիսերա Թուրկովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի կողմից երկրների տարածքային ամբողջականության և ճնշված մարդկանց իրավունքների պաշտպանության մասին։ Այդ մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։

Իբրահիմ Ռաիսին ասել է․

— Մեր մոտեցումն է անվտանգության ապահովումը և բոլոր տարածաշրջանների բարգավաճումը։

Ռաիսին իրանա-բոսնիական հարաբերությունները բարեկամական է համարել և նշել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման ներուժի մասին։ Նա նաև հայտարարել է․

— Հարկ է գտնել այդ ներուժը և կիրառել երկու երկրների շահերին համապատասխան։ Դժբախտաբար, բազմաթիվ միջոցներ, որոնք ձեռնարկվում են աշխարհում՝հակասում են մարդու իրավունքներին և հիմնականում այդ գործողություններն իրականացվում են նրանց կողմից, ովքեր համարվում են մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիրներ։

Բիսերա Թուրկովիչը շնորհավորել է Ռաիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտարարել երկկողմ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին:

Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարը, օտարերկրյա այլ հյուրերի հետ միասին, կմասնակցի օգոստոսի 5-ին Ռաիսիի երդման արարողությանը: Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինայում 1992-1995 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Իրանը օգնություն է ցուցաբերել բոսնիացի իսլամիստներին: Այդ ժամանակից ի վեր, Իրանը ձգտում էր ընդլայնել իր ազդեցությունը բոսնիացիների շրջանում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն