Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ո՞ր պատգամավորները լքեցին իրենց խմբակցությունները

Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության գաղտնի ստորագրումից և Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելուց հետո, Աժ խմբակցություններում վերադասավորումներ եղան: Մանդատը վայր դրենցից կամ խմբակցություններից դուրս եկան մի շարք պատգամավորներ: Այժմ 7-րդ գումարման Ազգային ժողովում կա 9 անկախ պատգամավոր:

Ամենամեծ թվով պատգամավորներ հեռացել են «Իմ քայլը» խմբակցությունից: Մանդատը վայր են դրել երկու պատգամավոր՝ Գայանե Աբրահամյանը և Տիգրան Կարապետյանը:

Խմբակցությունից դուրս գալ շտապեց իմքայլական Վարդան Աթաբեկյանը, նա խմբակցությունից դուրս եկավ 2020 թվականի նոյեմբերի 12-ին՝ եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց ընդամենը 3 օր անց:

Խմբակցությունից հաջորդաբար դուրս եկան նաև պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գոռ Գևորգյանը և Սոֆյա Հովսեփյանը:

Խմբակցությունից դուրս գալու մասին մինչ մանդատը ստանալը հայտարարել էր նաև սյունեցի Աննա Գրիգորյանը:

Հիշենցնենք, որ 2018թ-ին ձևավորված խորհրդարանում առաջին անկախ պատգամավորը դարձավ Արման Բաբաջանյանը՝ դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: ԼՀԿ-ն ջանք չխնայեց, որ պատգամավորը վերադարձնի մանդատը, սակայն ապարդյուն: Արման Բաբաջանյանն այժմ հիմնել է սեփական կուսակցությունը՝ «Հանուն Հայաստանի»:

2020 թվականին էլ ԲՀԿ խմբակցությունը լքեց Տիգրան Ուլիխանյանը, վերջինս «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցության ղեկավարն է:

2020 թվականին ԲՀԿ քարտուղարության հետ ունեցած որոշակի տարաձայնությունների պատճառով ԲՀԿ-ն լքեց Սերգեյ Բագրատյանը, նա մինչ այժմ որևէ քաղաքկան ուժի հետ չի համագործակցում, սակայն հունիսյան ընտրություններին ԲՀԿ ցուցակով առաջադրվելը բացառում է:

ԲՀԿ խմբակցությունից բոլորովին վերջերս դուրս եկավ նաև Գևորդ Պետրոսյանը: Պատճառն ըստ Պետրոսյանի ընդհանուր գաղափարները չկիսելն էր, իսկ ԲՀԿ-ն ասաց, որ Պետրոսյանն իրեն հատուկ խոսքով և ոճով «գցում է» խմբակցության անունը: Նկատենք, որ արդեն անկախ պատգամավորը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է այն քաղաքական ուժը, որ կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից:

Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքն անկախ պատգամավորի կարգավիճակ չի սահմանում, բայց նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Ազգային Ժողովի պատգամավորն իրավունք ունի դուրս գալ խմբակցությունից՝ այդպիսով համարվելով որևէ խմբակցության կազմում չընդգկված պատգամավոր:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն