Մակրոնը նախապատրաստվում է Էրդողանի հետ քննարկել Արցախի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չնայած Թայիփ Էրդողանի հետ առկա տարաձայնություններին՝ երկու երկրների ղեկավարները պետք է շարունակեն կապ հաստատել։ «Անադոլու» փոխանցմամբ՝ Մակրոնը հայտնել է նաև, որ պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Չնայած կան տարաձայնություններ և տարակարծություններ՝ մենք պետք է շարունակենք երկխոսությունը»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ կցանկանար հանդիպել Էրդողանի հետ՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ «Ցանկանում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում իրավիճակների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին»,- հայտարարել է Մակրոնը։ Նա նշել է, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահի հետ կարծիքներ փոխանակել Ֆրանսիայում «արմատական իսլամիզմի» դեմ պայքարի հիմնախնդրի վերաբերյալ։ Կան հարցեր՝ նաև ՆԱՏՕ-ի գործունեությանը վերաբերող։
Մակրոնն ընդգծել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահին տեղեկացնել, որ Ֆրանսիայում «արմատական իսլամիզմի» դեմ պայքարը ոչ մի կերպ ուղղված չէ իսլամին, և Ֆրանսիայում արմատական իսլամիզմն ու իսլամը ամենևին չեն նույնացվում։ Մակրոնը հավելել է, որ պատրաստվում է Էրդողանի հետ քննարկել «հնարավոր համագործակցության ոլորտները»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն