«Մենք ձեզ ռմբակոծելու ենք». Իրանը ջանում է Իսրայելին Իրաքից դուրս հանել

Իրաքյան շիա խմբավորումը, որն իրեն անվանում է «Քաթաիբ աս Սաբիկուն», նախորդ շաբաթ Իսրայելին նախազգուշացրել է. «Եթե դուք համարձակվեք հարվածներ հասցնել մեզ՝ մենք ձեզ կռմբահարենք»։ Ամենայն հավանականությամբ՝ այդ հայտարարությունն արել է իրանամետ ռազմական կազմավորումը, որը որոշել է նոր անվան տակ հանդես գալ։ Այդ մասին գրել է The Jerusalem Post թերթը։ «Քաթաիբ աս Սաբիկուն» իրաքյան շիա խմբավորման նախազգուշացումը հաջորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին մեկնաբանությանը, թե Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ Իրանը ձգտել է Իսրայելի ուղղությամբ ռազմական անօդաչուներ ուղարկել Իրաքից և Սիրիայից։
Այս հայտարարությունը մտահոգում է Վաշինգտոնին ՝ Իրաքում ԱՄՆ-ի ներկայության դեմ շիա ապստամբների գործողությունների առումով։ Հատկապես խնդրահարույց են այն շրջանները, որտեղ տեղաբաշխված են ամերիկյան ռազմական հենակայանները։

Իրադարձությունների այսօրինակ հավաքածուն միմյանց հետ կապակցված է։Իրանի ռազմավարությունը Իրաքի հանդեպ պարզ է և իր էությամբ հիշեցնում է Լիբանանում իրականացվող նախագծին, որն արդեն ավարտվելու մոտ է։ Այսինքն՝ ենթադրվում է երեք ուղղություններով թիրախ՝ Իսրայել, ԱՄՆ և ներքին հակաիրանական ուժեր։ Մտադրությունները Լիբանանում ձեռքբերվածի նույնօրինակն է․ պահպանվում են ներկայացուցչական կառավարության պաշտոնական ենթակառույցները, բայց դրանք պետք է զերծ լինեն ցանկացած իմաստալից բովանդակությունից: Իրանին ծառայող ռազմաքաղաքական կառույցները կվայելեն գործողությունների ազատություն և կունենան ռազմական ներուժ, որը գերազանցում է պետության անվանական ուժերը: Վերջիններս, այդուհանդերձ ամբողջովին հյուսված կլինեն իրանական ուժային կառույցին: Քաղաքական այն ուժերը, որոնք թշնամաբար են տրամադրված այս նախագծին՝ կճնշվեն, կամ նշանակալիորեն կթուլանան: Այնուհետև երկրի տարածքը կօգտագործվի անձնակազմի և ռազմական տեխնիկայի փոխադրման համար, ինչպես նաև հրթիռներ կտեղակայվեն, որոնք նպատակաուղղված կլինեն հրեական պետության դեմ»,-կարծիք է հայտնում The Jerusalem Post հրատարակությունը։
Նմանօրինակ սցենարները արդեն երկարատև ժամանակահատվածում իրականացվում են Լիբանանում, որտեղ հանդես է գալիս Հեզբոլլահը, որն ավելի մարտունակ է, քան այս երկրի բանակը։ «Թեհրանը փնտրում է մասնատված, անգործունակ կառույցներ, որոնց ներսում միակ հզոր և համախմբված տարրը Իրանի կողմից աջակցվող ուժերն են: Այս նախագիծը ներկայումս ընթանում է Իրաքում, բայց դեռ չի ավարտվել: Թեհրանի նպատակների իրականացման էական խոչընդոտ է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը երկրում: Հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ շիա աշխարհազորայինների երկարաժամկետ արշավը Միացյալ Նահանգների դեմ կուժեղանա: Նպատակը այն է, որ ԱՄՆ-ին ստիպեն հեռանալ », — ընդգծում են թերթի վերլուծաբանները:
Ավելի վաղ՝ The Washington Post թերթի հրապարակումը հաստատել է, որ Իրանի կողմից աջակցվող ապստամբները կարողացել են անօդաչուներով հարձակվել Իրաքում ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի հանգարի վրա։ Հարձակումներից տուժել են Էրբիլի ամերիկյան ռազմական հաստատությունները։ Իսրայելը զգուշավորություն է հանդես բերում, քանի որ Իրաքում Իրանը տեղաբաշխել է հեռահար հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել Իսրայելի դեմ հարձակումների ժամանակ։ Այդ հանգամանքին մեծ ուշադրություն է դարձրել The Jerusalem Post թերթը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն