Մեծ յոթնյակի ղեկավարները համավարակի դեմ պայքարի համապարփակ ծրագիր են մշակում

Մեծ յոթնյակի ղեկավարները Քարբիս Բեյի գագաթնաժողովի շրջանակներում կընդունեն համավարակի դեմ պայքարի համապարփակ ծրագիր: Հունիսի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը:

«Ինչ վերաբերում Է Մեծ յոթնյակին՝ մենք համատեղ հայտարարություն կանենք այդ հարցի կապակցությամբ, եւ այն կլինի ոչ միայն պատվաստանյութերի մասին՝ թեեւ պատվաստանյութերը կլինեն մտահղացման կարևոր բաղկացուցիչ մասը: Դա համապարփակ ծրագիր է, որն ուղղորդված է այնպիսի օգնության, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դրվի այդ համավարակին»,- ասել Է նա: Սալիվանը հավելել է, որ ստեղծվել է աշխատանքային երկու խումբ, որոնք կզբաղվեն սահմանների բացման եւ ուղեւորությունների վերականգնման հարցերով: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի օգնականը պարզաբանել է, որ մի դեպքում փորձագիտական խումբը կաշխատի Մեծ Բրիտանիայի հետ, երկրորդ խումբը՝ Եվրամիության հետ: Սալիվանն ընդգծել Է, որ չարժե այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ սպասել մոտ ժամանակներս:

«Մենք այս պահին ոչ մի կարգի կոնկրետ նորությունների չենք սպասում, որովհետեւ հետեւում ենք գիտական մոտեցումներին եւ առողջապահության բնագավառի փորձագետների կարծիքներին՝ սահմանների բացման հարմար ժամանակի եւ պայմանների վերաբերյալ»,- պարզաբանել Է Բայդենի օգնականը:

Մեծ յոթնյակի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացվելու է հունիսի 11-ից մինչեւ 13-ը` Քարբիս Բեյ առողջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովին մասնակցելու են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն