Նաիրա Զոհրաբյանը ՌԴ-ում Արցախի պաշտոնական ներկայացուցի՞չ

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ռուսական կողմի միջնորդությամբ առաջարկ է արվել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին` ստանձնել ՌԴ-ում Արցախի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։ Ընդունե՞լ է տիկին Զոհրաբյանն առաջարկը թե ոչ` «Իրավունքը» հետաքրքրվել է նրանից։

Կպատասխանեմ կարճ` եղել են քննարկումներ եւ ընդամենը, ոչ ավելին: Այս պահին, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, կապ պահելով միջազգային բոլոր կառույցների, այդ թվում մեր ռուսաստանյան գործընկերների հետ` ակտիվորեն զբաղվում եմ ռազմագերիների, տեղահանված արցախցիների իրավունքների եւ Արցախի բռնազավթված հատվածի մեր մշակութային կոթողների պաշտպանության խնդիրներով, ինչը շատ կարեւոր եմ համարում:

Ամեն դեպքում, լինել Արցախի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ-ում, իրենից ենթադրում է արցախյան պաշտոնական տեսակետների արտահայտում։ Պատկերացնու՞մ եք Ձեր աշխատանքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Այս հարցը իմաստ կունենար այն ժամանակ, եթե որոշումը կայացված լիներ, բայց նման որոշում այս պահին չկա: Կարծում եմ` այս փուլում այն աշխատանքը, որը ես անում եմ Հայաստանում, անչափ կարեւոր է եւ արցախանպաստ: Այսօր պետք է հասկանանք, որ ստեղծված ծանրագույն իրավիճակում այն, ինչ մնացել է Արցախից, կարող է լինել համահայկական համախմբման նոր գաղափար: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է անենք առավելագույնը` Արցախի այդ փոքր հատվածով նաեւ Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն