Նիկոլ Փաշինյանը շուտով հրաժարվելու է Արցախից. Մետաքսե Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում համախմբվել երկրի կայունացման շուրջ: Ըստ կուսակցության` նախ պետք է անցկացնել ՏԻՄ ընտրություններ, անցնել կիսանախագահական կառավարման մոդելի և նոր Սահմանդրություն ընդունել: Կուսակցությունը գտնում է, որ այս ճանապարհին խոչընդոտ է հանդիսանում ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Փաստարկ» լրատվականն Արցախի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Արայիկ Հարությունյանը խոչընդոտում Արցախի զարգացմանը և ի՞նչ խնդիր կամ խնդիրներ կլուծվեն` ներկայիս նախագահի հրաժարականով:

Արցախի ԱԺ պատգամավորը հիշեցնում է. «Դեռ 2007 թվականից Արայիկ Հարությունյանը եղել է Արցախի վարչապետ և, կարելի է ասել, եղել է երկիրը կառավարողը։ Բայց այդ դիրքը նրա համար ծառայել է որպես եկամտի աղբյուր: Հարությունյանը խոչընդոտ է նաև ՏԻՄ համակարգի առողջացման և նոր ընտրությունների համար: Երևի հիշում եք` նա հայտարարել է, որ մինչև 2023 թվական Արցախում ՏԻՄ ընտրություններ չեն լինելու: Այս հայտարարությունն ու 2017 թվականի հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը, որով Արցախն անցավ Խորհրդարանական կառավարման համարկարգի, երկիրը բերել են բևեռացման: Մեր ներկայացրած առաջարկությունը փորձ է` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորից հետքրքրվեցինք, թե ի՞նչ կարիք կա Արայիկ Հարությունյանի հրաժականը պահանջել, երբ ինքը հայտարարում է, որ պատրաստ է հեռանալ: Հակոբյանն անմիջապես հակադարձեց. «Սուտ է ասում, ինքը չի պատրաստվում հեռանալ: Սուտ է ասում ճիշտ այնպես, ինչպես պատերազմի ելքն իմանալով հանդեձ՝ դիրքերում սուրճ էր խմում և ասում էր, որ հաղթում ենք: Նա Նիկոլ Փաշինյանի կամակատարն է»: Պատգամավորի կարծիքով հայկական երկու պետությունների ղեկավարները կործանում են երկիրը:

Արցախում էական փոփոխություններ կարելի՞ է սպասել այն պարագայում, երբ ՀՀ իշխանության գլուխ է կանգնած Նիկոլ Փաշինյանը: Հակոբյանն ասում է. «Այո՛, քանի որ Փաշինյանը շուտով հրաժարվելու է Արցախից: Դա տեղի է ունենալու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու միջոցով»:

Կուսակցության տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ, երբ պետական համակարգի կենսունակությունը կախման մեջ է հայտնվել մեկ մարդուց՝ Արցախի նախագահից: Նման պարագայում միշտ էլ գտնվելու են քաղաքական շրջանակներ, դրսի ուժեր, որոնք աշխատելու են այդ իրավիճակն իրենց շահի օգտին շրջելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այսօրվա բարդ և դժվարին իրավիճակում, թե արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և թե մեր երկրի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ուժերի համախմբում։ Միասնականությունը, ինչի մասին այսօր շատ է խոսվում նաև Արցախի իշխանությունների կողմից, իրոք օրվա հրամայականն է։ Սակայն միասնությունը լոկ գեղեցիկ խոսքերով կամ կարգախոսներով չէ` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։ Մեր առաջարկությունները 1. Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործադրելու ունակություն։ Եթե մենք ինքնակամ հրաժարվում ենք ընտրություններ անցկացնելու որոշումից, մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից: Հետևաբար անհրաժեշտ է արագ հայտարարել ՏԻՄ ընտրությունների անցկացման մասին և հնարավորինս շուտ անցկացնել այն, պատրաստ լինելով դիմագրավելու արտաքին խոչընդոտներին: 2. Նախագահական-խորհրդարանական (կիսանախագահական) կառավարման մոդելն ապացուցել է քաղաքական ճգնաժամեր հաղթահարելու և պատերազմական վիճակում արդյունավետ կառավարելու կարողությունը։ Ներկայիս կառավարման մոդելը կենսունակ չէ, Ինչը ցույց տվեց 44-օրյա պատերազմը, դրան հաջորդող խոր քաղաքական ճգնաժամը: Այս կառավարման համակարգն ի վիճակի չէ լուծել պետության առջև ծառացած խնդիրները և հղի է կառավարման ճգնաժամով, ինչը կարող է կործանարար լինել պետության համար: Հետևաբար, անհրաժեշտ է սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական (նախագահական-խորհրդարանական) կառավարման մոդելին շուտափույթ անցումը, ինչը կապահովի քաղաքական կայունությունը, անվտանգությունը և քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ներուժը։ 3. Նոր Սահմանադրությամբ, հաջորդ մեկ տարվա ընթացքում, նախատեսված կարգով պետք է անցկացնել Ազգային ժողովի, այնուհետև Հանրապետության նախագահի ընտրություններ: Վերոնոշյալ առաջարկությունները կոչված են ներքաղաքական և արտաքին քաղաքական կոնյուկտուրայից անկախ ամրապնդելու Արցախի Հանրապետության պետականությունը և հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները: Դրանց իրագործման համար պահանջվում է քաղաքական կամք և իրավիճակի գլոբալ գնահատում և, նույնիսկ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների կանխամտածված վերակազմակերպում՝ պահանջված դերբաշխմամբ»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն