Ո՞րն է իշխող ուժի պատկերացրած ԱՊԱԳԱՆ

Վաղը` մայիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն պետք է ընտրի (ավելի շուտ` չընտրի) վարչապետ։

Սակայն, անգամ վաղվա ընտրությունը չի երաշխավորում հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

ՀՀ օրենսդրության համաձայն, երկրորդ անգամ վարչապետ չընտրվելու դեպքում միայն տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Չնայած սրան` Հայաստանում իշխող ուժն արդեն վաղուց սկսել է նախընտրական քարոզարշավ իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում։ Փակցվել են գովազդային ցուցապաստառներ։

Այստեղ տեղին է հիշել ՀՀ վարչապետի ժպ-ի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան հայտարարությունն այն մասին, թե  Արցախը Հայաստան է և վերջ, ոչ մի թիզ հող չենք տալու։ Իսկ պատերազմի ողջ ընթացքում իշխանական քարոզչամեքենան պրոպագանդում էր, թե «Հաղթելու ենք» (անժամկետ խոսք` ե՞րբ ենք հաղթելու)։ Միևնույն ժամանակ, շտապ կարգով ընդունվեց հակասահմանադրական օրենք, որով լռեցվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր ահազանգում էին թշնամու առաջխաղացումների, Հայոց Բանակի գլխատման և հայ զինվորին «մսաղաց ուղարկելու» մասին։

Նախընտրական այս շրջանում, ապօրինաբար ՀՀ վարչապետի ժպ-ի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե Հայաստանն ու Արցախը ապագա ունեն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանով մեկ փակցրել է նույնաբովանդակ պաստառներ։

Հաշվի առնելով ՀԱՅ ԱԶԳԻ` նախկինում ունեցած փորձը, շատերի մոտ «ԱՊԱԳԱՅԻ» մասին իշխող ուժի հայտարարությունները տարակուսանքի և մտավախությունների տեղիք են տալիս։

Միանշանակ ապագա ունենք, բայց հարց է առաջանում, թե ո՞րն է իրենց պատկերացրած ապագան, ո՞ր երկրի կազմում են նրանք ցանկանում տեսնել Հայաստանի ապագան։

Իսկ թե իրենց պատկերացրած ապագան Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմում Հայաստանի ու Արցախի ընդգրկումն է, ապա դա ՀԱՅ ԱԶԳԻ համար անընդունելի տարբերակ է ու հավասարազոր լիակատար պարտության (այստեղ հիշենք կրկին թրքասեր իշխանությունների «Հաղթելու ենք» կարգախոսը)։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն