Ոստիկանությունը խնդիրներ է ստեղծում քաղաքացիների համար. Սուսաննա Սարգսյան

«Հայոց Հայրենիք» կուսակցության իրավաբանական խորհրդի նախագահ Սուսաննա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԽԱԽՏՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ Է ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆ…
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԺՈՂՈՎՐԴՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄԸ…
Այսօր քաղաքացիներից ստացել ենք բազմաթիվ բողոքներ այն մասին, որ ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում հրաժարվում են քաղաքացիներին՝ «ընտրողների տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացնելու վերաբերյալ» տեղեկանք տրամադրել, տարբեր պատճառաբանություններ բերելով՝ ծանրաբեռնված են, առկա են համակարգային խնդիրներ ու այսպես՝ շարքով հնչող պատճառաբանություններ:
Սակայն, այս ենթադրյալ ծանրաբեռնվածության տակ, անձնագրային բաժնի պետ, ոստիկանության տարածքային տեսուչ ներկայացած անձինք համոզում և խոստանում են, որ իրենց մեքենաներով քաղաքացիներին կհասցնեն իրենց հաշվառման վայրեր, այդ թվում՝ հեռավոր մարզեր, ընտրությանը մասնակցելու համար:
Հիմա հարցեր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանին.
Այդ ի՞նչ ծանրաբեռնվածություն է Ձեզ մոտ, որ ազդում է բացառապես ընտրողների իրավունքն ըստ օրենքի ապահովելու վրա:
Արդյո՞ք տեղեկանք տրամադրելը շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և միջոցներ է պահանջում, քան թե քաղաքացիներին մարզեր հասցնելը, այն էլ՝ սեփական մեքենաներով:
Այդ ի՞նչ պատրաստակամություն է և ինչ նպատակ է հետապնդում ՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ քաղաքացուն ընտրատեղամասն հասցնելը:
Երևույթը իհարկե առաջին հայացքից կարելի կլիներ դրական գնահատել, բայց ոչ այն դեպքում, երբ նախկին ու ներկա «իշխանությունները» փորձում են օգտագործել իրենց բոլոր լծակները, վարչական ռեսուրսը՝ առավելագույնս ի նպաստ իրենց օգտագործելու համար:
Առակս ինչ կուսուցանե.
Դեռևս հարգելի՛ պարոնայք, չծանրաբեռնելով ձեր գլուխները օրենսդրական հղումներով (անհրաժեշտության դեպքում կծանրաբեռնեմ) խորհուրդ եմ տալիս, եթե կուզեք՝ խնդրում եմ ձեռնարկել գործուն միջոցներ քաղաքացիների ընտրելու իրավունքն ապահովելու, վարչական ռեսուրսն ապօրինի կերպով և անհարկի չվատնելու, ինչպես նաև ընտրություններն օրենքի տառին համապատասխան անցկացնելու ուղղությամբ:
Բարի եղեք նվազագույն ռեսուրսների օգտագործմամբ ապահովել քաղաքացիների ընտրության իրավունքը:
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության իրավաբանական խորհրդի նախագահ Սուսաննա Սարգսյանիս, անելու է անգամ անհնարինը՝ ընտրությունների ողջ ընթացքում թույլ տրված խախտումները վերհանելու և արձանագրված խախտումների համար անխտիր բոլոր պատասխանատուներին պատասխանատվության կանչելու համար:
Հետո չփնտրեք անձանց, ովքեր կխնդրեն մեզ Ձեր փրկության համար, դա մեզ մոտ չի անցնում:
Հ.Գ Հիշեք մի պարզ բան, իշխանությունը պատկանում է ժողովրդին և յուրաքանչյուր պաշտոնյա ծառայում է ժողովրդին:
Հ.Գ.Գ. Մի բան էլ https://www.police.am/ պաշտոնական կայքում ՀՀ ԱՎՎ-ի գործառույթները բաժնում
«3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձի քաղաքացիության վերաբերյալ իրավասու մարմիններին և անձնաց տեղեկատվության տրամադրում տրամադրում» մասը ուղղեք:
Հարգանքով,
«Հայոց Հայրենիք» կուսակցության իրավաբանական խորհրդի
նախագահ Սուսաննա Սարգսյան
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն