ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԴԻՄԵՔ ՄԵՐ ԱՆՎՃԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ. ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Երեկ` կառավարության նիստից հետո, Առողջապահության նախարարը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը և «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքին, հայտարարեց, որ` եթե աշխատակիցը  իր հաշվին կատարված ՊՇՌ թեստ չներկայացնի, ապա նրան կարող են չթողնել աշխատանքի, բացակայությունը կհամարվի անհարգելի և աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Iսկ եթե գործատուն դա չպահանջի, ապա կտուգանվի:

Առողջապահության նախարարին չեմ ցանկանում անդրադառնալ։ Ակընհայտ է, որ նա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգն է կատարում։ Դե իսկ վերջինս էլ, ինչպես միշտ, թաքնվում է իր ենթակաների հետևում` հույս ունենալով այդպես խուսափել անխուսափելի պատասխանատվությունից:

Ըստ այդմ խոսքս ուղղում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին:

Այսպես՝
Օրե՛նք կարդա և աշխատի՛ր ընկալես` ինչ ես կարդում։ Գիտեմ` բարդ է, բայց փորձի՛ր, միգուցե հրաշք լինի և ընկալես:

Նույն «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ Քաղաքացիներն ունեն սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը սահմանված կարգով մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

Նույն օրենքի 20.1 հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ

Անձի` սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից (բացառությամբ իմունականխարգելման) հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Հատուկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար նշեմ, որ իմունականխարգելումը դա պատվաստումն է:
Այսինքն` ըստ օրենքի, եթե անձը հստակ հրաժարվում է պատվաստվել, ապա դուք նրան պարտադրել չեք կարող, ինչպես նաև չեք կարող երկրի ներսում ստիպել կատարել թեսթավորում, այն էլ պարտադրեք, որ դա պահանջի գործատուն և դրա չկատարելու դեպքում անձին զրկի իր աշխատանքի իրավունքից ու խզի աշխատանքային պայմանագիրը:  Թեսթավորում կարող եք պարտադրել միայն ՀՀ մուտք գործող անձանց:

Դե իսկ Սահմանադրությունն էլ արգելում է առանց անձի հստակ համաձայնության նրան ենթարկել փորձարկումների, ինչպես նաև ամրագրում է անձի աշխատանքի իրավունքը:

Ամփոփեմ.
Այն գործատուները, ովքեր կենթարկվեն այս ապօրինի հրամանին և այդ հիմքով մարդկանց կազատեն  աշխատանքից, հետագայում աներկբա կպարտվեն իրենց դեմ ներկայացված դատական հայցերը և ստիպված կլինեն վճարել իրենց կողմից հեռացված աշխատակիցներին ամբողջ հարկադիր պարապուրդի համար ու վերականգնել նրանց աշխատանքի:

Եթե Առողջապահության նախարարությունը փորձի տուգանել գործատուներին վերը նշված հիմքով, ապա այդ վարչական ակտերը աներկբա անվավեր կճանաչվեն, իսկ Առողջապահության նախարարությունն էլ ստիպված կլինի վճարել դատական ծախսերը:

Հ.Գ
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը և «Ադոնայի» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ են անում ՀՀ ժողովրդին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հերթական ապօրինի հրամանից խուճապի չմատնվել, մնալ օրենքի դաշտում։ Դե իսկ ապօրինի վարչարարության դեպքում դիմել մեզ՝ Գայի պողոտա 2 /136 հասցեով և ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:

ԴԵ ԻՍԿ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ԿՐԿԻՆ ՕՐԵՆՔ ՉԽԱԽՏԵԼ ԵՎ ԻՐ ՎԻՃԱԿԸ ԱՎԵԼԻ ՉԾԱՆՐԱՑՆԵԼ

Արտակ Գալստյան
«Հայոց Հայրենիք»

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն