Ռուսաստանը չի թույլատրում Բելառուսը շրջանցող թռիչքների մուտքն իր տարածք

Ռուսաստանն ավստրիական Austrian Airlines ընկերությանը թույլ չի տվել Բելառուսը շրջանցելով ժամանել Մոսկվա։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով ավիաընկերությանը։

Ըստ աղբյուրի փոխանցման, ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Բելառուսի օդային տարածքով` Ryanair ընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի միջադեպի հետ կապված` ելնելով Եվրոխորհրդարանի ավիացիոն անվտանգության գործակալության խորհրդատվությունից։

«Թռիչքուղու փոփոխությունը պետք է հաստատվի իշխանության կողմից։ Ռուսական իշխանություններն այդ թույլտվությունը չեն տվել»,- բացատրել է Austrian Airlines-ը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Austrian Airlines-ը պետք է ժամաներ Վիեննայից Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան։

Նույնօրինակ իրավիճակ է տեղի ունեցել մայիսի 27-ին Air France ավիաընկերության հետ: Ինքնաթիռը պետք է Փարիզից Մոսկվա թռչեր, սակայն, սկզբում թռիչքը տեղափոխվել էր, ապա` չեղարկվել։
Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքը նույնպես թույլատվություն չի ստացել Ռուսաստանի կողմից։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն