Թուրքիան CAATSA անունը կրող պատժամիջոցների սպառնալիքի տակ է հայտնվել

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է, որ ռուսական պաշտպանական համալիրների ցանկացած գործարք առիթ կդառնա հայտնվելու CAATSA անունը կրող պատժամիջոցների կիրառման տակ։

-Մենք շատ պարզ և միանշանակ կոչ ենք արել Թուրքիային՝ հրաժարվել C-400 համալիրներից,- հայտարարել է Բլինքենը և ընդգծել, որ ԱՄՆ-ն շարունակում է երկխոսել Թուրքիայի հետ և մատնացույց անել, որ ռուսական զենիթային համալիրների գնումը հակասում է դաշնակցային պարտավորություններին։ Խնդիրն այն է, որ 2016 թ Վարշավայում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են հրաժարվել ռուսական արտադրության զենքերից։ Թուրքիայի կողմից C-400 համալիրների գնումը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը, ճեղքում է ՆԱՏՕ-ի երկրների համախմբվածությունը և հարցականի տակ է դնում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների փոխգործակցությունը։ Բացի այդ՝ Ռուսաստանն այս գործարքից մեծ գումարներ է վաստակում և արդեն մուտքի թույլտվություն ունի դեպի Թուրքիայի ռազմական արդյունաբերություն։

ԱՄՆ-ի պետքարտուղարը հիշեցրել է, որ 2017 թ ԱՄՆ-ն CAATSA անունը կրող պատժամիջոցների երկրորդ փաթեթը կիրառեց Ռուսաստանի հետ համագործակցող երկրների դեմ։

-Շատ կարևոր է, որ Թուրքիան և ՆԱՏՕ-ի մյուս երկրները խուսափեն ռուսական զինամթերք գնելուց՝ այլապես կհայտնվեն նույն փաթեթի պատժամիջոցների տակ,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Պատասխանելով թուրք լրագրողի՝ Բայդենի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը աջակցել է Բայդենին՝ ընդգծելով, որ դեռ երկար տարիներ՝ մինչև նրա նախագահ դառնալը, նա աջակցել է հայոց ցեղասպանության ճանաչմանը, և դա ոչ ոքի համար անակնկալ չպետք է լիներ։

-Նախագահ Բայդենն իր նախագահության առաջին օրվանից հասկանալ է տալիս, որ մարդու իրավունքները և ժողովրդավարության խնդիրները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակայությունն են։ Եվ հայոց ցեղասպանության ճանաչումը նպատակ ունի, որ հետագայում չկրկնվեն մարդկության դեմ նույնօրինակ ոճրագործությունները։

Հարկ է հիշեցնել, որ Թուրքիան և Ռուսաստանը ռուսական՝ ЗРК С-400 զենիթային համալիրների՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ մատակարարման պայմանագիր են ստորագրել 2017թ։ ԱՄՆ-ում կարծիք կա, որ այդ կերպ Ռուսաստանը կարող է տեղեկատվություն ստանալ ամերիկյան հինգերորդ սերնդի՝ F-35 կործանիչների մասին։

Դեռևս Դոնալդ Թրամփի օրոք այդ առնչությամբ սառեցին ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները։ ԱՄՆ-ի Կոնգրեսը 2020թ դեկտեմբերի 4-ին պատժամիջոցներ է նախատեսել Թուրքիայի դեմ։ Դրանք կուղղորդվեն Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության դեմ։ Ի պատասխան՝ Թուրքիան դատապարտել է այդ պատժամիջոցները և սպառնացել է, որ համապատասխան միջոցներ կկիրառի։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն