Քաբուլում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայը հանդիպել է Թալիբան շարժման կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Աբդուլգանի Բիրադերի հետ։ Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
Ըստ Անկարայի դիվանագիտական աղբյուրների, քննարկվել են Թուրքիայի և Աֆղանստանի միջև բարեկամական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, հումանիտար օգնության հարցերը:
Միաժամանակ, Թուրքիայի Կարմիր մահիկի ընկերությունը Պակիստանի տարածքով երկու բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել կարիքավոր աֆղաններին։
Ընկերությունը հայտնել է, որ բեռը բաղկացած էր 33 տոննա պարենային ապրանքներից:
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին գտնվող Թորխամ անցակետում բեռնատարներին դիմավորել են Թուրքիայի և Աֆղանստանի Կարմիր մահիկի ընկերությունների ներկայացուցիչները:
Պակիստանում Թուրքիայի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Իբրահիմ Կառլոս Կամիլոն Anadolu-ին հայտնել է, որ օգնությունը կբաժանվի 16 հազար աֆղանցիների միջև:
Այսպիսով, ամերիկյան «լծից ազատված Աֆղանստանը» չի կարողանում դուրս գալ իր շուրջ հյուսված ցանցից և պատառ-պատառ է արվում հսկա տերությունների կողմից։